Գարեգին Նժդեհ. Առասպել և իրականություն – մաս 1

[ A+ ] /[ A- ]

Աշոտ Աբգարյան

Հետազոտող և պատմաբան Աշոտ Աբգարյանը կարևոր աշխատանք կատարեց քաղաքական և զինվորական գործիչի կյանքի և գործունեության մասին, որու վիճելի գործողությունները նրան դարձնում են սիրված կամ ատելի հայության համար: Նա կռվել է թուրքերի դեմ, բայց նաև դիմել է նրանց “բարեկամության ու եղբայրության” կոչով, ընդդեմ բոլշևիկների: Նա կռվել է խորհրդային իշխանության դեմ, բայց ձերբակալվելուց հետո անդադար հավաստիացնում էր խորհուրդների և անձամբ “մեծ Ստալինի” նկատմամբ իր “անկեղծ բարեկամության” մասին: Եղել է դաշնակցության անդամ, որի հետ գժտվելուց հետո այսպես գրեց. “Հիմա արդեն Դաշնակցությունը մեռնող երևույթ է… Նա պետք է չքվի”: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայության անցավ հիտլերյան նացիստների մոտ: Հետագայում ձերբակալվել է, իր ծառայություններն է առաջարկել նաև խորհրդային պետանվտանգության մարմիններին: Հատուկ հանձնաժողովի կողմից դատապարտվել է Զանգեզուրում հակախորհրդային գործունեության և գերմանական նացիստներին ծառայելու մեղադրանքով:

Այս պատմությունը բոլորի համար չէ:

Սովորաբար, որևէ պատմական հերոսի նկատմամբ տևական ու կայուն նախատրամադրվածություն ունեցող ընթերցողը հեշտությամբ է հավատում այն փաստերին ու տեղեկություններին միայն, որոնք չեն հակասում իր մեջ արդեն իսկ ձևավորված համոզմունքին ու վերաբերմունքին, եթե անգամ դրանք շինծու են ու անստույգ: Սա մենք պայմանականորեն անվանենք «սև մածունի կոմպլեքս», այսինքն, այն իրողությունները, այն անժխտելի փաստերը, որոնք կարող են սասանել նրա պատրանքները, ինչը, այսպես ասած, նրա սրտով չէ և վախեցնում է նրան իր անողոք ճշմարտությամբ, միանգամից կարող է մերժվել ու դեն շպրտվել: Նա, միևնույն է, համառորեն կառչում է իր խաբկանքից, եթե անգամ բոլոր փաստերը դրա դեմ են:

Այս պատմությունը նրանց համար չէ, ովքեր վախենում են ճանաչել և ընդունել փաստը, եթե այն սպառնում է հիասթափության ցավ պատճառել իրենց: Եվ հակառակը, այս պատմությունը նրանց համար է, ովքեր նույնիսկ երկար տարիների ագրեսիվ, տգետ ու վնասակար «հայրենասիրական» քարոզչության արդյունքում դեռևս վերջնականապես չեն կորցրել տրամաբանելու և անաչառ վերլուծելու կարողությունը, ում համար ինքնահարգանքը չկորցնելն ավելի կարևոր է, քան ցուցադրական ու կեղծ հավատարմությունը քարոզչական բլեֆներից կարկատած «հերոսի» հնարովի կերպարին: Նրանց համար է, ովքեր ընդունակ են թեկուզև ցավոտ վերագնահատումներ անել իրենց տեսակետների մեջ և ընդունել, որ մածունը, այնուամենայնիվ, սպիտակ է, չեն վախենում խոստովանել դա և պատրաստ են դրան:

Մենք հասկանում ենք, որ այս պատմությունը և այստեղ ներկայացված արխիվային վավերագրերը կարող են խարխլել Նժդեհի՝ արդեն մեզանում արմատավորված «հերոսական» համբավը, հասկանում ենք, որ անակնկալի եկած ընթերցողը ինքնաբերաբար կարող է հարց տալ. «իսկ ես ինչու՞ պետք է հավատամ այդ կգբ-ական (KGB) թղթերին, չէ որ դրանք կարող են սարքված լինել, չէ որ այդպիսի բաներ էլ են լինում»: Այո, լինում են, հենց դրա համար էլ մենք ինքներս մեզ այդ հարցը տվել ենք, և այն էլ ո՛չ մեկ անգամ, ձեր դատին ներկայացվող փաստաթղթերը քննել ենք, ինչպես ասում են, «խոշորացույցի տակ», և երկար ժամանակ: Մանրախնդրության հասնող ուշադրությամբ փորձել ենք գտնել այդ փաստաթղթերի խոցելի ու կասկածելի կողմերը, որևէ բառ, որևէ տրամաբանական կամ փաստական հակասություն, որը մեզ թույլ կտար ասել, որ չեկիստները իրենք կարող են դրանք «սարքած» լինել, համադրել ենք Նժդեհի հարցաքննությունների արձանագրությունները նրա բանտային գրառումների ու նամակների հետ և մենք, խղճի ամենայն հանգստությամբ ձեզ ասում ենք, ոչինչ էլ «սարքված» չէ: Քննության ենք ենթարկել նույնիսկ ամենածիծաղելի ու անհավանական վարկածները, միայն թե համոզվենք, որ եղած արխիվային նյութերը «սարքված և կեղծված» լինել չեն կարող, որ խորհրդային պետանվտանգությունը այս դեպքում դրա անհրաժեշտությունը չի ունեցել, եթե պետք լիներ, իհարկե, կարող էին «սարքել», ինչ է, այդպիսի գործեր էին «սարքում»: Սակայն, բոլոր, այսպես ասած, «սարքած» գործերի դեպքում կեղծիք կատարելու մեջ միշտ նպատակ և շարժառիթ է եղել, միշտ կարելի է առանց դժվարության կռահել կեղծելու տրամաբանությունը, միշտ կարելի է պատասխանել այն հարցին, թե դա ինչու են արել:

Նժդեհի գործի մեջ այդ «ինչուն» պատասխան չունի, հենց այն պատճառով, որ ոչինչ «սարքված» չէ, Նժդեհի գործը «սարքած» լինելու վարկածի մեջ ոչ մի տրամաբանություն չկա: Ասենք, որևէ անմեղ ու անտեղյակ հողի աշխատավոր մարդու պետք է մեղադրել «ժողովրդի թշնամի տրոցկիստական խմբի» պատկանելու մեջ, մեկ ուրիշին, պետք է մեղադրել «հակասովետական լրտեսական» գործունեության մեջ, այդպես է պետք, սա նշանակում է, որ նրանցից պետք է փորձեին «խոստովանություն» կորզել, խոշտանգելով, թե ոչ, միևնույն է, գործի մեջ այդ «խոստովանությունը» պետք է երևար, և այդպես էլ լինում էր: Նման դեպքերում մեղադրյալի ցուցմունքները պետք է «սարքեին» այնպես, որ դրանք տրամաբանական հակասություն չունենային ներկայացված մեղադրանքի հետ, որ մեղադրյալի «հանցանքը» այդ ցուցմունքներում ակնառու լիներ, նույնիսկ եթե մեղադրանքը անհամոզիչ է: Իսկ չէի՞ն կարող որևէ մեկին դատապարտել առանց «սարքովի» խոստովանական ցուցմունքների, դա էլ կարող էին, մեղադրյալի «խոստովանությունը» կամ «ժխտումը», բնականաբար, էական նշանակություն չի կարող ունենալ, ասենք, ցուցմունքներում ոչ մի «սարքած» խոստովանություն էլ չկա, բայց մարդուն կարող էին տանել ու գնդակահարել: Սա հենց նշանակում է, որ ցուցմունքներ «սարքելը» պարտադիր անհրաժեշտություն չէ, ուրեմն, դրանք կարող են թողնվել այնպես, ինչպես որ կա, դրանցում պետք է լիներ հենց այն, ինչ ասել է մեղադրյալը, եթե նա ժխտել է իրեն մեղսագրվող հանցանքը, ուրեմն ցուցմունքի մեջ այդ «ժխտումն» է արձանագրվել, և եթե դա է արձանագրվել, ուրեմն, էլ ի՞նչը պետք է «սարքված» լինի մեղադրյալի ցուցմունքի մեջ, ընդգծում ենք՝ մեղադրյալի ցուցմունքի մեջ: Այսինքն, այդպիսի դեպքերում, կարող է «սարքված» լինել մեղադրանքը, կարող են «սարքված» լինել ապացույցները, վկաների ցուցմունքները, բայց ոչ մեղադրյալի «ժխտողական» ցուցմունքը, որովհետև, «խոստովանություն» սարքելը տրամաբանորեն բացատրելի է, իսկ «ժխտում» սարքելը ինչի՞ համար է: Բոլոր «սարքովի» գործերում այդ «սարքելու» մեջ նպատակ է եղել, առաջադրանք է եղել, «սարքելու» մեջ տրամաբանություն կա: Նժդեհի գործի «սարքած» լինելու վարկածը, ինչպես ասացինք, ոչ մի խելամիտ բացատրություն չունի, նրա ցուցմունքները «սարքելու» կարիք չի եղել, որովհետև չի եղել հենց նպատակը, չի եղել հենց առաջադրանքը, չի եղել անհրաժեշտությունը:

Այս հարցին մենք նորից կվերադառնանք պատմության վերջում, ավելի մանրամասն ու բծախնդիր կքննարկենք առանձին հատվածներ, երբ ընթերցողը արդեն ծանոթ լինի փաստերին ու փաստաթղթերին: Ուրեմն, հենց հիմա էլ եկեք ծանոթանանք դրանց հետ…

Գարեգին Նժդեհը 1944 թ. հոկտեմբերին խորհրդային ռազմական հակահետախուզության և բուլղարական ժողովրդական միլիցիայի կողմից ձերբակալվել է Սոֆիայում (Բուլղարիա), որտեղից շուտով նրան տեղափոխում են ԽՍՀՄ: 1946 թ. նոյեմբերին քննչական գործողություններ կատարելու համար որոշ ժամանակով Նժդեհը բերվում է Երևան: Մեկ անգամ ևս՝ 1952-ին նա երկրորդ անգամ է ուղարկվում Երևան: Հակախորհրդային գործունեության և գերմանական նացիստների հետ համագործակցության համար 1948-ի ապրիլի 24-ին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: Մահացել է Վլադիմիրի բանտում, 1955-ին, մոտ 70 տարեկանում:

Ձերբակալությունից հետո Նժդեհն իր ծառայություններն է առաջարկում խորհրդային պետանվտանգության մարմիններին: Ի՞նչ էր նրա ուզածը և որոնք էին նրա վարքագծի իրական դրդապատճառներն ու տրամաբանությունը, փորձենք հասկանալ արժանահավատ արխիվային փաստաթղթերի ու վավերագրերի օգնությամբ: Այս տեսակետից առավել հարմար է ներկայացվող պատմությունը սկսել Նժդեհի և նրա բանտընկեր, դաշնակցական Հովհաննես Դևեջյանի նամակից, ուղղված Սիմոն Վրացյանին: Նժդեհը և Դևեջյանը 1952-1953-ին գտնվել են պետանվտանգության Երևանի բանտում:

Գարեգին Նժդեհի և Հովհաննես Դևեջյանի նամակը Սիմոն Վրացյանին, նամակի առաջին մասը գրել է Նժդեհը, այնուհետև նրան շարունակել է Դևեջյանը (այս նամակը այդպես էլ չի ուղարկվել հասցեատիրոջը, քանի որ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավարությունը ինչ-ինչ պատճառներով արդեն հրաժարվել էր Նժդեհի միջոցով դաշնակցության հետ կապի մեջ մտնելու գաղափարից-Ա.Ա.):

«Թանկագին Սիմոն,

Գիտեմ, որ դու իմ ձեռագիրը ճանաչելով, կարող ես տագնապել՝ մի՞թե Նժդեհը ողջ է, սա հավատալու՞ բան է: Այո, իմ ձայնը լսվում է ոչ թե գերեզմանից, այլ բանտից, որտեղ ինձ վիճակված է անմռունչ ապրել՝ միախառնելով կյանքն ու մահը… Լսիր, թե ինչու եւ ինչպես դա պատահեց: 1944-ի աշնանը, երբ Կարմիր բանակն արդեն Ռումինիայում էր, հազարավոր մարդիկ սկսեցին հեռանալ՝ վախենալով քաղաքական ճնշումներից: Ես մնացի Բուլղարիայում, չնայած փայլուն հնարավորություններ ունեի ցանկացած պահի հեռանալ ցանկացած երկիր: Ես մնացի, քանզի պետք է մնայի: Մնացի, որովհետեւ ուրիշների նման ես էլ էի կարծում, որ Կարմիր բանակը կշարժվի Թուրքիայի վրա, դրանով իսկ իրականացնելով մեր ազգային երազանքը: Մի տանջող միտք էլ կար, որ իմ հեռանալը կարող է շատերի ձերբակալության պատճառ դառնալ: Ասեմ նաեւ, ես վստահ էի, որ իմ ասպետական–հայրենասիրական քայլը՝ այն, որ ես չհեռացա, բավական կլինի ստիպելու խորհրդային իշխանությանը մոռանալ իմ հակախորհրդային անցյալը: Ահա սրանք էին, հիմնականում, այն շարժառիթները, որոնք դրդեցին ինձ չհեռանալ: Ցավոք,Կարմիր բանակը չշարժվեց դեպի Թուրքիա: Հենց սա էլ եղավ իմ ողբերգությունը: Հարգելիս, դու գիտես, որ իմ կյանքում վիշտն ու ուրախությունը միայն մի անուն ունեն՝ Հայաստան: Երբ կյանքիս մայրամուտին չկարողացա զոհվել հայոց հողի համար, ես որոշեցի մեռնել իբրեւ գաղափարի նահատակ: Այսպիսին էր իմ վիճակը երբ անսպասելիորեն հայտնվեց Հովհաննես Դեւեջյանը: Նրան բերեցին նույն բանտն ու նույն բանտախցիկը, որտեղ ես էի: Դու գիտես, որ մենք տարիներ շարունակ խորշում էինք միմյանցից: Խորին տառապանքը մարդուն դնում է դեմ հանդիման Ճշմարտության հետ: Բավական էր, որ մենք մեկմեկու աչքերի մեջ ուրախության արցունքներ տեսնեինք, որպեսզի լռությամբ հաշտվեինք ու եղբայրանայինք: Մենք սկսեցինք մտորել: Գտնվելով նոր համաշխարհային պատերազմի վտանգի առջեւ, որը կարող է անուղղելի հետեւանքներ ունենալ մեր ժողովրդի համար, մենք մտածում էինք ու անհանգստանում: Թե ինչ կլինի վաղը՝ մեզ հայտնի չէ… Դու գիտես, որ ժամանակին թուրքերը փորձեցին իրենց ուժերով ոչնչացնել հայ ժողովրդին ու հայոց հարցը: Հիմա նրանք կփորձեն հայ ժողովրդին ոչնչացնելու ծրագիրն իրականացնել եւ իրենց եւ ուրիշի ձեռքով: Ճիշտ է, Հայաստանի պաշտպանական ուժը մեծ է եւ անսպառ են Խորհրդային Միության կարողությունները: Այսուհանդերձ, նկատի ունենալով Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը եւ նրա ատելությունը հայերի նկատմամբ, եւ այն հանգամանքը, որ պատմության մեջ առաջին անգամ քրիստոնեական Արեւմուտքի եւ Թուրքիայի շահերը համընկնում են՝ լուրջ հիմքեր են տալիս մեր ժողովրդի ճակատագրով խորապես անհանգստանալու համար: Իմացիր, թուրքերը հակասովետական օդային ուժերի համար «ուղղորդիչի» դեր են կատարելու եւ իրենց քրիստոնյա դաշնակիցներին ցույց են տալու իրենց ուզած օբյեկտներն ու ուղղությունները: Սադրանքներով ու ամեն տեսակ խաբեություններով նրանք իրենց դաշնակիցներին տրամադրելու են Հայաստանի եւ հայերի դեմ: Այսօր, բազմաթիվ թուրքամետ ուժերի առկայության պայմաններում, ինչ երաշխիք կա, որ թուրքերը չեն կրկնի իրենց չարագործությունները: Ի՞նչ պետք է անել, որպեսզի պատերազմի դեպքում հաշվի առնենք առաջին աշխարհամարտի ժամանակ մեր ժողովրդի աննախադեպ ողբերգության փաստը եւ նրա այժմյան բացառիկ վիճակը, որպեսզի Հայաստանը չենթարկվի միջուկային ռմբակոծման: Նամակը շարունակելու համար գրիչը տալիս եմ Հովհաննեսին»:

Հովհաննես Դևեջյան-սիրիահայ, իրավաբան, դաշնակցության ականավոր գործիչներից էր, 1919-1921 թ.թ. բնակվել է Երևանում: Փետրվարյան խռովության ակտիվ կազմակերպիչներից էր: Խռովության պարտությունից հետո անցել է Զանգեզուր: Այստեղ դառնում է Վրացյանի փախստական կառավարության արդարադատության և լուսավորության նախարարը: Զանգեզուրից հեռանալուց հետո բնակվել է նախ՝ Բուլղարիայում, ապա՝ Ռումինիայում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին եղել է Դրոյի մերձավոր օգնականը, սփյուռքում ակտիվորեն հանդես էր գալիս գերմանական նացիստներին աջակցելու օգտին: Պատերազմից հետո որոշ ժամանակ կարողացել է թաքնվել, բայց 1947 ապրիլին հայտնաբերվում է Ռումինիայում և ուղարկվում է Մոսկվա, իսկ այնտեղից էլ՝ Երևան:

Քաղվածք Հովհ. Դևեջյանի գործունեության մասին ՀԽՍՀ ՊԱԿ-ի ավագ քննիչ, լեյտենանտ Խաչատրյանի կազմած տեղեկանքից (արդեն Դևեջյանի վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո-Ա.Ա.).

«Հայրենական պատերազմի ժամանակաշրջանում (1941-1945թ.թ.) Դևեջյանը արտասահմանում հակասովետական պրոֆաշիստական աշխատանք էր տանում: Կապեր է ունեցել գերմանական հետախուզական մարմնի ղեկավարի և դաշնակցության առաջնորդ Կանայան Դրոյի հետ: Այդ նույն ժամանակ եղել է գերմանացիների կազմակերպած քաղմարմնի անդամ… Ներկայացված մեղադրանքներում Դևեջյանը իրեն մեղավոր է ճանաչել, ժխտել է միայն գերմանական հետախուզական մարմնի և դաշնակցության առաջնորդ Կանայան Դրոյի հետ ունեցած կապերը:

Հանցանքը ապացուցվել է ինչպես դաշնակցական հայտնի գործիչ Գ. Ե. Տեր-Հարությունյանի (Նժդեհ) և Հ. Ա. Սիրունիի ցուցմունքներով, այնպես էլ, պետարխիվի նյութերով ու անձամբ իր գրած փաստաթղթերով, որոնք կցվել են գործին…»(1):

Գրականության ցանկ

1. Ваче Овсепян Гарегин Нжде и КГБ. Воспоминания разведчика. − Ер.։ 2007. – 280 с.

Արտատպուած՝ Նոր Սեւանէն