Կեղծ հայտարարություն Թուրքիայի հայկական որբանոցը վերադարձնելու մասին

[ A+ ] /[ A- ]

1433250476-22

yerkir.am

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Կ.Պոլսից պատգամավորի հայ թեկնածու Մարգար Եսայանը օրեր առաջ հայտնել էր, որ Թուզլայի հայկական որբանոցըկվերադարձվի Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Խոստումից երկար ժամանակ է անցել, սակայն դեռ ոչինչ չի ձեռնարկվել որբանոցը հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Այդ կապակցությամբ հայկական «Նոր Զարթօնք» միությունը հայտարարություն է տարածել՝ Եսայանին մեղադրելով խորհրդարանական ընտրություններում հայկական որբանոցը որպես քարոզչամիջոց օգտագործելու համար:

«Փարոս» ամսագրի հետ զրույցում Եսայանը հայտնել է, թե հայկական որբանոցի սեփականությունը վերադարձվել է հայկական կողմին, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել որբանոցի ոչնչացման դեմ պայքար մղող անձանց շրջանում:

Այդ կապակցությամբ «նոր Զարթօնք» միությունը հայտարարություն է տարածել.

«Հայկական որբանոցի վերաբերյալ սուտ լուր: Մինչ հայկական որբանոցի ոչնչացման դեմ պայքարը շարունակվում է, մեզ համար անհասկանալի է ոմանց՝ հայկական որբանոցը որպես գովազդ օգտագործելու նպատակը: Հարց ենք ուղղում.

  1. Հայտնում եք, որ որբանոցը վերադարձվել է: Որտե՞ղ է հիմնադրամին վերադարձված սեփականությունը: Եթե Ձեզ մոտ է սեփականությունը, ապա անհապաղ հրապարակեք այն:
  2. Ինչքա՞ն գումար եք ստացել այս սուտ լուրն ու ԱԺԿ-ի գովազդն անելու համար:
  3. Պատվո ո՞ր նորմերի թվում եք դասում կեղծ լրատվությամբ զբաղվելը:

«Փարոս» ամսագիրը պետք է այս սուտ լուրը հերքի:

Մարգար Եսայանը պետք է դադարի հայկական որբանոցը որպես ընտրական քարոզչամիջոց օգտագործելը:
Մարգար Եսայանի այդ հայտարարությունները հայ ժողովրդին ոչ թե օգուտ, այլ վնաս կարող են պատճառել: Ակնկալում ենք, որ նա կդադարի նման գործունեությունը  և կսկսի ջանքեր գործադրել հայ ժողովրդի համար:

Մեր ժողովրդի խղճում տեղ չունեն այս հարցերին պատասխան չտվող լրատվամիջոցն ու որբերի՝  դեռ չվերադարձված իրավունքից օգտվելու փորձ անող պատգամավորի թեկնածուն»: