aysor.am
Այսօր Օսմանյան Թուրքիայում հայ և ասորի ժողովուրդների ցեղասպանության 100-րդ տարելիցն է, 1915 թ. կառավարության ծրագրած ցեղասպանությանը 1.5 մլն հայ, մոտ 500 հազար ասորի է կոտորվել, այդ վերքն արդեն 100 տարի է՝ բաց է: Այս մասին գրում է «Օզգյուր Գյունդեմ» կայքը՝ նշելով, որ պատմության ամենամեծ կոտորածներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում գործող հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարցրո՛ւ, եղբա՛յրս…
Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Սրանից 100 տարի առաջ փողոցում հանդիպած 5 մարդկանցից մեկը հայ էր, սակայն այսօր փողոցում հայերի հանդիպելն այդքան էլ հեշտ չէ: Ի՞նչ պատահեց նրանց, հարցրու՛ ,եղբայրս…
Կանգնի՛ր, լսի՛ր եղբայր…
Պետությունը մեզ դավաճան է հայտարարել, անիծված է կոչել, մեր մասին հրեշների նման է խոսել: Դպրոցում կարդացել ենք, մեդիայով՝ տեսել, տանը՝ լսել… կեղծ պատմությամբ են խոսել… ատել ենք միմյանց:
Հարցնե՛նք, եղբայրս…
Քանի դեռ չեն առերեսվել, այդ հանցագործությունը չեն դատապարտել, նրանք են օգտվում: Նման երկրում ապրե՞լ ես ուզում, եղբա՛յր: Սպանողին չպատժող, անարդարությունը չկանխող երկրում ապրե՞լ ես ուզում: Ո՞ւր են Հրանտի սպանության պատվիրատուները, Սևակ Բալըքչըի՞նը, Մարիցա Քյուչուքի՞նը:
Առերեսվի՛ր, եղբայրս…
Մենք 1915-ին չենք առերեսվել, չենք դատապարտել: Քանի դեռ 1915-ին հայ սպանողներն իրենց պատիժը չեն ստացել, այդ իրավիճակը կրկնվելու է: Քանի դեռ չի առերեսվել, պատիժը չի ստացել, հանցագործություններն ավելանալու են»: