Tert.am
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը թուրքական Taraf թերթում տպագրված իր հերթական հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հնարավոր տարբերակներին և փորձել է գտնել «առերեսման ամերիկյա՞ն, թե՞ գերմանական մոդել» հարցի պատասխանը:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Գերմանիան Իսրայել պետության և հրեական սփյուռքի հետ համաձայնության գնաց, փոխհատուցում տալու ճանապարհով լուծեց խնդիրը:
Բացի այդ, անշուշտ, խնդրին մոտեցավ որպես երկրի ներքին գործ, պատմությանն առերեսվելու ու ֆաշիստների սպանությունների վերաբերյալ հանրությանը կրթելու ճանապարհով, և չնայած քննադատություններին՝ այն դարձրեց գերմանական ինքնության անբեկանելի մասը:
ԱՄՆ-ն, սակայն, բնիկների հանդեպ գործածները քննարկում է հասարակական մակարդակով: Հարցն ազատորեն քննարկվում է, սակայն դա ամերիկյան ինքնության մաս դարձնելու փնտրտուք չկա:
Թուրքիային պատմությանն առերեսվելու համար այս երկու տարբերակներից ո՞րն է ավելի մոտ:
Ես ասում եմ, որ թե՛ կառավարական, թե՛ 1915-ին առերեսվելու առաջարկ անող լայն շրջանակները խնդրին մոտենում են ԱՄՆ-ի մոդելով: Այսինքն՝ կառավարության ու ընդդիմության միջև այս հարցում էական տարբերություն չեմ տեսնում: Հարցը որպես ժողովրդավարացման մի մասնիկ է դիտարկվում:
Հարցն ազատորեն քննարկելու հարցում բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, Թուրքիայում բնակվող հայերը հավասար իրավունքներ պետք է ունենան, ներողություն պետք է խնդրել, հիմնադրամների մակարդակով ինչ-որ հարցեր պետք է լուծվեն. նման պահանջներ են առաջ քաշվում:
Այսինքն, ըստ էության, նոր ժողովրդավարական հասարակություն կառուցելու մի ձևն էլ Հայկական հարցին առերեսվելն է…
Դրանք, իհարկե, անժխտելի են, սակայն ես առաջարկում եմ Հայաստանի ու Սփյուռքի հետ քննարկել մոդելը: Գերմանիայի տարբերակը ժողովրդավարացումը չի անտեսում: Հակառակը՝ դա ժողովրդավարական ինքնությունն ամրապնդող մոդել է:
Եվ հետո, ԱՄՆ-ի բնիկները ո՛չ պետություն ունեն, ո՛չ էլ սփյուռք:
1915-ի ցեղասպանությունից հետո ստեղծվել են Հայաստանն ու Սփյուռքը: Այսօրվա Հայաստանը Արևելյան Հայաստանի շրջանում է ստեղծվել: Սակայն դրա ստեղծման ընթացքում բնակչության գուցե կեսից ավելին ցեղասպանությունից փրկվածներն են կազմել: Այդ մարդիկ իրենց հաստատված մի շարք քաղաքներին ու գյուղերին Արևմտյան Հայաստան անվանվող, ցեղասպանություն տեսած հողերում մնացած գյուղերի ու քաղաքների անուններն են տվել:
Ավելորդ է ասել, որ հայկական սփյուռքը Ցեղասպանության հետևանքն է։
Հետևաբար՝ Սփուռքն ու Հայաստանն անտեսելով՝ ցեղասպանությունը միայն Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների հետ լուծելը որպես ժխտման քաղաքականության նոր հարյուրամյակի հիմքեր դնել կարող է բնութագրվել:
ԱՄՆ-ում բնիկները դեռ արդարության են սպասում:
Հայկական Սփյուռքն արդարություն է ուզում, Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը հիմնականում ազատություն է պահանջում: Արդարություն պահանջողն ազատության, ազատություն պահանջողն էլ արդարության կարևորությունը բավականաչափ չեն զգում:
Հրանտ Դինքը խնդրի լուծման բանալի էր համարում Սփյուռքի համաժողով անելն ու Սփյուռքի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության միջև ընդհանուր լեզու գտնելը:
Նրա կյանքն ընդհանուր լեզու ստեղծելու համար բավական չեղավ, սակայն նրա սպանությունն այդ ընդհանուր լեզվի հիմքերը դրեց: «Առերեսվի՛ր Հրանտի հետ, Ցեղասպանությանը» կարգախոսի նշանակությունը դա է»: