«Նոր Զարթոնքը» դատի է տվել Էրդողանին՝ հայերին վիրավորելու համար

[ A+ ] /[ A- ]

erdoğan_m

News.am

Ստամբուլահայերի կողմից ստեղծված «Նոր Զարթոնք» շարժումը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի հասցեին արված վիրավորական արտահայտությունները։

«Նոր Զարթոնք» շարժման կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվել է. «Մենք՝ Թուրքիայի հայերս, մերժում ենք ընտրություններից առաջ լինել գործիք եւ ազգայնամոլական զգացմունքների թիրախում հայտնվել։ Մենք շարունակելու ենք պաշտպանվել երեխայից մարդասպան սարքող եւ ռասիստական գաղափարախոսությունը կրողներից։

Էրդողանի հիշյալ ռասիստական արտահայտությունը ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հանցանք է։ Մեր այս հայտարարությունով դատական հայց ենք ներկայացնում եւ պատասխանատուներին կոչ անում կատարել իրենց պարտականությունը»,-նշվել է «Նոր Զարթոնքի» հայտարարության մեջ։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի այս խոսքերը մեծ արձագանքն են գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում