«Քամփ Արմենը» կառուցվել է 1915 թ. Ցեղասպանությունից հետո: Որբանոցի շենքի կառուցման ժամանակ աշխատել են իրենք՝ որբ երեխաները: Ճամբարը օգնել է հայերին պահպանել իրենց ինքնությունը, մշակույթը և լեզուն, որովհետև այդ ժամանակ հայ երեխաների համար չկար որևէ հասանելի դպրոց: Մոտ երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են քանդել հայկական որբանոցը: Բողոքի մեծ ալիք բարձրացավ, որը ղեկավարում է «Նոր զարթոնք» կազմակերպությունը:
Բողոքավորները սկսեցին հերթապահել որբանոցում: Այսօր լրագրողների հետ զրույցում «Նոր զարթոնք» ՀԿ-ի անդամ Սայաթ Թեքիրը եւ Անուշ Քազան Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրին որբանոցի պատմությունը: Բանն այն է, որ ազգային փոքրամասնությունների հիմնադրամները ինչպես Օսմանյան կայսրության այնպես էլ Հանրապետական Թուրքիայի հռչակումից հետո ունեցել են գույք ձեռք բերելու իրավունք: 1974 թ-ին կատարված փոփոխություններով այս հիմնադրամները զրկվում են գույք ձեռք բերելու իրավունքից: 1936-1974 թթ-ին ձեռքբերված գույքը պետք է ետ վերադարձվեր նախկին տերերին, իսկ եթե տեր չկար` պետությանը: 1962 թ-ին նախատեսված գումարը վճարելով «Քամփ Արմենը» եւս անվճար վերադարձվեց նախկին տիրոջը:
2011 թ-ին Թուրքիայում օրենք ընդունվեց 1936 թ-ին բռնագրված եկեղեցապատկան գույքը փոքրամասնություններին վերադարձնելու մասին: Սակայն «Քամփ Արմենը» ներառված չէ վերադարձվող գույքի ցանկում:
Պետությունը որբանոցը վաճառել է մի մասնավոր մարդու, ով էլ իր հերթին յոթ մարդու է վաճառել տարածքը: Բանախոսների խսքով` հիմա պահանջում են բողոքավորներից վճարել գումարը եւ ետ ստանալ որբանոցը, բայց քառասուն տարով:
«Նոր զարթոնք» ՀԿ-ի անդամ Սայաթ Թեքիրը մտավախություն ունի, որ եթե հայ որբանոցը չպահպանվի եւ քանդվի, ապա Թուրքիայում գործոց Մխիթարյան վարժարանը եւս կարժանանա այդ ճակատագրին: Հիմա այդ վարժարանում մոտ քառասուն ուսանող է սովորում: Որբանոցի համար պայքարողները օրը մոտ քսան հոգի հերթափոխում են «Քամփ Արմեն»-ի տարածքը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերը բողոքավորների թիվը հասնում է հազարի:
ՀԿ-ի ներկայացուցիչները, սակայն, չեն համաձայնում, քանի որ տարածքը պատկանում է հայերին: «Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր օժանդակում են մեր պայքարին հանուն մեր համատեղ անցյալի եւ ապագայի, տեր կանգնել հայ որբերի` մեզ վստահված «Քամփ Արմենը»,- հայտարարեցին բանախոսները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ