Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ
Noravank.am
Թուրքիայում ապրող բռնի իսլամացված հայերի եւ նրանց սերունդների մեջ արդեն տեւական ժամանակ է, ինչ ընթանում են տարբեր հետաքրքիր գործընթացներ, որոնք ուղղակի եւ անուղղակի վկայում են նրանց մեջ ազգային ինքնագիտակցության եւ հիշողության որոշակի շերտերի պահպանման մասին:
Մասնավորապես, «ինքնության ճգնաժամի» քննարկումների ծավալմանը զուգընթաց ի հայտ են գալիս եւ արդեն մամուլում տարածվում են իսլամացված հայերի պատմություններ, տպագրվում են հայտարարություններ, որոնցով մարդիկ փնտրում են իրենց արմատները, կորցրած ազգականներին: Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը լի է այդպիսի հայտարարություններով եւ, ինչպես նկատել էր Հրանտ Դինքը, «Այսօր Թուրքիայում շատերն են դեգերում իրենց ինքնության լաբիրինթոսում»:
Հետաքրքիր է եւ միեւնույն ժամանակ բնական, որ փնտրելու այս գործընթացն ավելի շատ տարածված է իսլամացված հայերի եւ նրանց սերունդների շրջանում:
Բացի այդ, այսօր ի հայտ են գալիս նաեւ հայկական ծագման որոշակի տոկոս ունեցող խառնածիններ, որոնց մեջ եւս նկատվում են «էթնիկ ճգնաժամին» բնորոշ երեւույթներ: Թուրքիայում եւ դրա սահմաններից դուրս միեւնույն հայկական արմատ ունեցող այս մարդկանց գոյությունը փաստ է, որին պետք է մոտենալ ոչ միայն գիտական, այլեւ բարոյական եւ հոգեբանական տեսանկյունից: Խեղված ինքնությամբ, ուծացման տարբեր աստիճաններում գտնվող հայերի եւ նրանց սերունդների հարցը, մեր կարծիքով, կարիք ունի լուրջ, բազմակողմանի ուսումնասիրության, որին նոր միայն կարող են հետեւել գնահատականներ, դատողություններ:
Թուրքիայում ինքնության հարցի օրեցօր նոր ծավալներ ընդգրկելու մի նշան կարելի է համարել «Փնտրում եմ ազգականիս» ծրագիրը, որը ստեղծվել է 2006թ. Ստամբուլում: Ծրագրի մտահղացումը եւ կազմակերպումը պատկանում է տեղի հայկական համայնքի երիտասարդական «Հատիկ» եւ «Նոր զարթոնք» խմբերին: Այն նպատակ ունի հայտարարությունների տարածման միջոցով օգնել մարդկանց, որպեսզի գտնեն իրենց կորցրած ազգականներին, որոնց գոյության մասին շատ հաճախ այդ մարդիկ տեղեկացել են իրենց ավագներից:1 «Փնտրում եմ ազգականիս» ծրագրում, ի դեպ, բավական մեծ դեր ունի Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթը, իսկ ծրագրի կոորդինատորը նույն թերթի աշխատակից Արիս Նալջըն է:
Սակայն պետք է նշել, որ հայերիս պես աշխարհասփյուռ մի ազգի համար այս երեւույթը նորություն չէ. դեռեւս 1960-ական թթ. երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանում ,Հայրենիքի ձայնե թերթում նույնպես կազմակերպվել էր նմանատիպ մի ծրագիր, որը կոչվում էր ,Փնտրում են հարազատներինե:
Թուրքական ,Էվրենսել հայաթե թերթի նոյեմբերի 18-ի համարում խոսելով ծրագրի ստեղծման մասին` Արիս Նալջըն նշում է, որ սկզբնապես իրենց նպատակներից է եղել ,Ակոսե թերթին տրված նմանատիպ բազմաթիվ հայտարարությունները, որոնցով մարդիկ փնտրում են իրենց կորած ազգականներին եւ արմատները, ավելի տարածական դարձնելը:
«Այդ ժամանակաշրջանում,–ասում է Արիս Նալջըն,–կարողացանք 500 հայտարարություն փակցնել Ստամբուլի փողոցներում, եւ նույնիսկ Անգլիայից տուրիստական նպատակով եկած մեկը այդ հայտարարությունների միջոցով պատահաբար գտավ իր ազգականին»: Ըստ Նալջըի` իրենք, ցանկանալով ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը, նպատակ են դրել այն տարածել նաեւ Ստամբուլից դուրս` Եվրոպայում, Լիբանանում, Թուրքիայի այլ վայրերում: Կենտրոնացնելով իրենց բոլոր միջոցները եւ կապերը` նրանց հաջողվել է իրականացնել դա եւ, ինչպես ասում է Նալջըն, ծրագիրը ձեռք է բերել միջազգային մասշտաբ: Այն ներկայումս տարածվել է Բեռլինում, Քյոլնում, Փարիզում, Բեյրութում, մի խոսքով` այն վայրերում, ուր ապրում են հայերի հոծ խմբեր: Բաժանվել է ավելի քան 5000 հայտարարություն` ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն լեզուներով:
Ստեղծվել է նաեւ ինտերնետային կայք, որտեղ մարդիկ կարող են հայտարարություն տալ, ինչպես նաեւ իրենց ազգականներին փնտրել արդեն տրված հայտարարություններում, ընդ որում` մի քանի լեզուներով: Կազմակերպիչները նպատակ ունեն առաջիկա տարում կայքը գործարկել նաեւ Հայաստանում եւ հայերենով:
Այս ծրագրի ստեղծումը եւ զարգացումը, բնականաբար, ունի նաեւ որոշակի հասարակական պահանջարկ եւ կարող է շատ հետաքրքիր ու խոսուն ցուցանիշ դառնալ Թուրքիայի բռնի իսլամացված կամ հայկական ծագման որոշ տոկոս ունեցող մարդկանց շրջանում կատարվող գործընթացները հասկանալու համար: Բավական խոսուն է այն փաստը, որ այս ծրագիրն իրականացվում է հենց հայերի շրջապատում եւ ձնագնդի էֆեկտով լայն տարածում գտնում ոչ միայն Թուրքիայում, այլեւ աշխարհի տարբեր մասերում ապրող մեր ազգակիցների շրջանում: Փաստերը ցույց են տալիս, որ հայ պապիկ, տատիկ ունեցողները բավական մեծ թիվ են կազմում, որոնց կամ նոր է ասվել իրենց ընտանիքի մասին իրականությունը, կամ նրանք իմացել են, բայց վախեցել են արտահայտվել: Ահա հենց այս մարդիկ են, որ տեղեկանալով տասնամյակներ շարունակ թաքցված եւ գաղտնի պահված իրենց իրական ինքնության մասին, ապրում են «ինքության ճգնաժամ»:
Արիս Նալջըն մեկնաբանում է, որ արտերկրում ծրագրի տարածումն այնքան էլ դժվար չի եղել: «Ի վերջո, աշխարհի բոլոր անկյուններում էլ հայեր կան»,–ասում է նա եւ հավելում նաեւ, որ սկզբում զգուշացել են, թե ոմանք այս հայտարարությունների տակ կարող են ուրիշ նպատակներ տեսնել, սակայն սա հետագայում հաղթահարել են: Նալջըն շեշտում է, որ հիմնական նպատակն է` մի կողմից իրոք նպաստել, որ մարդիկ գտնեն իրենց ազգականներին, իսկ մյուս կողմից ի ցույց հանել այս իրողությունը: «Ինչքան էլ ուզում է լինի փողոցներում մեր տված հայտարարությունների թիվը, դրանց միջոցով ազգականին գտնելու հույսը գուցե 1 տոկոս է, սակայն այդ 1 տոկոսանոց հույսը այն ուժն է, որը քեզ դրդում է այդ բանն անել»:
Նալջըն նշում է նաեւ, որ այս ծրագրի շնորհիվ արդեն մի շարք մարդիկ գտել են իրենց ազգականներին, եւ նրանց պատմությունները տպագրվում են «Ակոս» թերթում: Այս մասին մի փաստագրական տեսանյութ է պատրաստել նաեւ հեղինակավոր BBC հեռուստաալիքը, որի աշխատակիցներից մեկն էլ հենց եղել է սյուժեի գլխավոր հերոսը: Ըստ Նալջըի, մինչեւ այսօր էլ չի դադարում այն մարդկանց հոսքը, որոնք գալով «Ակոսի» խմբագրություն` պատմում են, որ իրենց տատիկը հայ է: Բայց այս ամենը չպետք է սխալ պատկերացում ստեղծի, թե Ստամբուլի հայ համայնքը շատ համարձակ է եւ պայմանները նրան թույլ են տալիս դիմելու նման խիզախ քայլերի: Ընդհակառակը, ըստ Նալջըի` հայկական համայնքը, լինելով ավելի զգուշավոր, իր մեջ պարփակված, դեմ է նման պատմությունների հրապարակայնացմանը եւ կողմնակից է սրանից աղմուկ չստեղծելուն` վախենալով դրան հաջորդող բոլոր հավանական հետեւանքներից:
Եվ վերջում, կարծում ենք, ավելորդ չէ թարգմանաբար մեջբերել այդ կայքում տեղադրված բազմաթիվ հայտարարություններից մեկը` միաժամանակ նշելով, որ նմանատիպ հայտարարությունների թիվը գնալով ավելանում է: Այս հայտարարություններն, իրենց հերթին, կարող են դառնալ առանձին եւ հետաքրքիր ուսումնասիրության նյութ` հագեցած ինչպես փաստագրական, այնպես էլ ազգագրական տարրերով:
«Ես ծնվել եմ Էլյազիգի Մադեն գավառում: Գիտեմ, որ մայրս հայ է եւ 1915թ. սեւ օրերին ստիպված է եղել բաժանվել ամբողջ ընտանիքից: Մայրս ասում էր, որ իր ընտանիքից ողջ մնացածները Մարսելում եւ ԱՄՆ-ում են: Գիտեմ, որ նա Էլյազիգի Թադըմ գյուղից է եւ անունը Եղիսափերթ Թումասյան է եղել: Սրանից բացի այլ տեղեկություն չունեմ: Մայրս մահացավ 1978թ.` մոր, հոր եւ եղբայրների կարոտը սրտում: Ամեն անգամ, երբ հիշում եմ մորս մասին, շատ եմ վշտանում, որ նա մահացավ` իր ընտանիքի կարոտը սրտում: Ցանկանում եմ գտնել մորս կողմի բարեկամներին: Խնդրում եմ այս հարցում ինձ օգնեք: Էքրեմ Ու.»:
1Այսօր Թուրքիայում գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք սկսում են խոստովանել, որ ծագումով հայ են կամ ունեն հայ նախնիներ: Այս գործընթացում հատկապես աչքի է զարնում այն, որ տոկոսային հարաբերակցությամբ զգալիորեն ավելի մեծ թիվ են կազմում հատկապես հայ տատիկները, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ առեւանգված եւ բռնի իսլամացված հայ աղջիկ երեխաներն ու կանայք են: Նրանց ինքնախոստովանական պատմությունները մեծ հետաքրքրություն եւ արժեք են ներկայացնում եւ տեղավորվում են վերջերս լայն ծավալներ ստացող «բանավոր պատմություն» հասկացողության շրջանակներում: Պետք է հատկապես հաշվի առնել, որ այդ սերնդի մեծ մասն արդեն մահացել է ու նրանցից կամ ողջ մնացածներից գրանցած յուրաքանչյուր հուշ ցեղասպանության, բռնի իսլամացման մասին մեծ արժեք ունի: