Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստորագրվել: Այս համաձայնության հիմքում ընկած է Արցախի հարցում Ռուսաստանի մոտեցումները, որոնք հայտնի են իբրև այսպես կոչված Լավրովի պլան: Անկասկած, ցավալի է, որ այս կետին կարելի էր հասնել դիվանագիտական ճանապարհով, սակայն դա տեղի ունեցավ հազարավոր զոհերի գնով: Խոնարհվում ենք իրենց կյանքը զոհածների հիշատակի առաջ և ցավակցում նրանց հարազատներին:
Մեր ժողովուրդը իր տունն ու կյանքը պաշտպանելու համար հերոսական պայքար մղեց մի քանի անգամ գերազանցող կայսերապաշտական ուժերի դեմ: Ուրախալի է, որ կանխվեցին ավելի մեծ մարդկային կորուստները, այնուհանդերձ Արցախի կարգավիճակի անհստակությունը ցույց է տալիս, որ հարցը վերջնականապես լուծված չէ:
Այս համաձայնագիրը, անկասկած, բոլորիս համար մեծ հիասթափություն էր: Սակայն անտարակույս է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է իրատեսորեն և մանրամասն վերլուծել տեղի ունեցածը: Ցավոք, Հայաստանում տիրող մթնոլորտը հեռու է սթափ դատողություններից: Օգտվելով ստեղծված դրությունից՝ հակահեղափոխական շրջանակները ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանի կառավարությունը տապալելու փորձեր են ձեռնարկում: Այս նպատակով գրավել էին Ազգային ժողովը, հարձակվել խորհրդարանի նախագահի վրա և կառավարության հրաժարականի պահանջ ներկայացրել: Դատապարտում ենք ժողովրդական կամքի դեմ ուղղված նման ոտնձգությունները: Ոչ ոք իրավունք չունի բռնանալ ժողովրդի կամքին:
Փաշինյանը, իհարկե, իր մեղավորության բաժինը ունի կատարվածի մեջ, սակայն առկա խնդիրների հիմնական մեղավորները շուրջ 30 տարի իշխանությունը իրենց ձեռքում պահած հղփացած շրջանակներն են: Քաղաքական համակարգում առկա փտախտը տարածվել էր պետության բոլոր բնագավառներում: Տարիներ շարունակ ժողովրդին ազգայնական երազանքներով ղեկավարած օլիգարխները հարստացել էին, Հայաստանի աշխատավոր խավը՝ աղքատացել: Այսօր այդ շրջանակները փորձում են ժողովրդին սնել նման խաբկանքներով և գալ իշխանության: Պետք է չմոռանալ, որ այս ողբերգության մեջ դեր է խաղում հասարակության ներսում արմատացած մտածելակերպը՝ հեռու գիտականությունից և տրամաբանությունից: Այսօրվա դրությամբ անհրաժեշտ է, որ այս քայքայման իրական պատասխանատուները պատասխան տան իրենց արարքների համար:
Այնուհետև հարկավոր է մշակել ծրագրեր՝ հուսալի ապագայի համար: Հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ ռեսուրսները՝ կարծում ենք, որ բարեկեցության հասնելու միակ ճանապարհը ներդրումն է կրթության ոլորտում: Հավատացած ենք, որ անհրաժեշտ է անհապաղ բարեփոխել կրթական համակարգը: Գիտության դարաշրջանում Հայաստանի հարստություններից մեկը սփյուռքում կայացած մարդկային ռեսուրսն է: Անհրաժեշտ է ավելի սերտացնել սփյուռքի հետ հարաբերությունները: Պետք չէ սփյուռքին նայել միայն որպես ֆինանսական աղբյուր և քարոզչական միջոց, բարեփոխումների գործընթացում պետք է հնարավորինս համագործակցել սփյուռքի մասնագետների և կամավորների հետ:
Չնայած ողբերգական հետևանքների, լիահույս ենք, որ այս պատերազմը առիթ կդառնա իրականության հետ առերեսվելու և առաջ գնալու համար: Այս առումով, Հայաստանում գործող կառույցները պետք է շարունակեն պայքարը համապարփակ, թափանցիկ և ժողովրդավար կերպով գործելու համար: Իրավական պետության սկզբունքը կյանքի կոչելով՝ անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկել իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ: Պետք է պատասխան պահանջել շուրջ 30 տարի երկրի ռեսուրսները սեփական շահերին ծառայեցրած ապօրինի համակարգի հիմնադիր անցյալի օլիգարխների հետ:
Մեր ժողովրդին կոչ ենք անում միասնական լինել այս դժվարին օրերին: Միայն միասնական ուժերով կարող ենք ստեղծել խոսքի ազատության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ուժեղ Հայաստան:
Nor Zartonk / Նոր Զարթօնք