«Թուրք նոր սերունդը կոտրում է լռությունը»

[ A+ ] /[ A- ]

19ocakyerevan

Hraparak.am

Իրինա Ալեգրովայի կայանալիք համերգի մեծ պաստառն է սկզբից երևում մարզահամերգային համալիրի մոտ, իսկ հետո իրար գլխի հավաքված ոստիկանների ներկայությունը վկայում է, որ Ծիծեռնակաբերդի մոտ ինչ-որ բան է կատարվելու։ Հազիվ 15 հոգանոց խմբի մեջ հանդիպեցինք Սյուզան Ռոզիտա Մերյեմ Ալ Ջադեհին՝ միջոցառման կազմակերպչին։

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին ինֆորմացիան այս օրերին ստվերել է ամեն տեսակ նորությունները։ Իսկ եթե հիշում եք, այսօր լրանում էր «Ակօս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 8 տարին։ Եվ եթե մենք մոռացել էինք այդ մասին, ապա թուրքերը՝ ոչ։

Ազգությամբ կես թուրք, կես գերմանացի պատմաբան, ցեղասպանությունների մասնագետ Սյուզանն աշխատում է Հայոց ցեղասպանության թանգարանում, և Հայաստանում է գտնվում Հրանտ Դինքի հիմնադրամի շնորհիվ․ «Սա իմ համար ծայրահեղ կարևոր էր։ 2015 թվականը ոչ միայն կարևոր տարի է Թուրքիայի համար, այլև շատ կարևոր տարի էր Հրանտ Դինքի համար։ Այս տարի ավելի շատ մարդիկ են խոսելու ցեղասպանության մասին։ Հենց հիմա Ստամբուլում շատ քաղաքացիական ակտիվիստներ քայլում են փողոցներում, ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հրանտ Դինքին, այլև ցեղասպանության զոհերին։ Շատ բան է փոխվել Թուրքիայում, շատ մարդիկ են սկսել խոսել այս մասին, նոր սերունդը կոտրել է լռությունը։ Գեղեցիկ է ինձ համար լինել այստեղ՝ Երևանում, ցեղասպանության թանգարանի մոտից քայլել դեպի օպերա և այս կերպ արտահայտել, թե ինչքան է փոխվել Թուրքիան»։

Նախաձեռնության մասնակիցներն իրենց հետ բերել էին Հրանտ Դինքի նկարները և «Երբեք չենք մոռանա», «Ոչ թե 8, այլ 100 տարի» գրություններով Ծիծեռնակաբերդից շարժվեցին դեպի կենտրոն։