Թուրքահայերը արդեն 94 օր է՝ պայքարում են «Քամփ Արմեն» մանկատան պահպանման համար

[ A+ ] /[ A- ]

default

Թուրքահայերը արդեն 94-րդ օրն է՝ պայքարում են «Քամփ Արմեն» մանկատան քանդելը կանխելու համար։ Այս մասին օգոստոսի 7-ին Երեւանում հայտարարեց «Նոր Զարթոնք» կազմակերպության համանախագահ Սայաթ Թեքիրը։ Նրա խոսքով՝ պետությունը հայկական համայնքից խլել է որբանոցի շենքը։ Այն սեփականաշնորհվել է, եւ ներկայումս «Քամփ Արմեն»-ն արդեն 7-րդ սեփականատիրոջն է փոխում։

«Քամփ Արմեն» որբանոցի 1/3-ն արդեն քանդված է։ Մեր պահանջները հասցեագրված են պետությանը, քանի որ այն մեզնից առգրավել է որբանոցի տարածքը։ Պետությունն առաջարկում է իր հսկողության տակ առնել ամբողջ որբանոցի տարածքը եւ մեզ տրամադրել դրա մի փոքր հատվածը՝ ոչ ավել քան 40 տարի վարձակալման իրավունքով»,- ասաց Թեքիրը։

Նա նշեց, որ հայկական համայնքին փաստաթուղթ է անհրաժեշտ, որը օրինական կերպով կամրագրի այդ հողի իրավունքը։ «Մենք Հայաստանի բնակիչներից հասարակական աջակցություն ենք ակնկալում։ Պետության կատարած բոլոր անարդարությունները հայտնի են դարձել նաեւ Թուրքիայում։ Մեզ աջակցում են թուրքերը, քրդերը, ալավիները։ Ոչ միայն Ստամբուլից, այլ նաեւ այլ քաղաքներից մեզ աջակցություն են հայտնում»,- հավելեց Թեքիրը։

«Քամփ Արմենը» Թուզլայում կառուցած մանկատուն է, որի նպատակն է օգնել Ստամբուլ տեղափոխված չունեւոր հայ երեխաներին եւ որբերին կրթություն ստանալ։