Քաղտեխնոլոգ, նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական, ազգությամբ հայ Նարեկ Մալյանի մատնության հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել իրավապաշտպան, ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանին։ Սուլթանյանը իր հարցազրուցներից մեկում խոսել է Հայաստանում եզդիների իրավունքների թերպաշտպանվածության, եզդիների ունեզրկման, խտրականության մասին։ Ազգային փոքրամասնության ներկայացուցչի կողմից սեփական համայնքի խնդիրների բարձրաձայնումը հայաստանյան ԱԱԾ-ն փաստացի որակել է որպես «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ»։
Մայիսի 20-21-ին ուժայինները ներխուժել և խուզարկություններ էին իրականացրել իրականացրել եզդի իրավապաշտպանների գրասենյակում, բնակարաններում, ավտոմեքենաներում։ Խուզարկությունները ավարտվել էին հարցաքննություններով։ Այժմ, ըստ ԱԱԾ-ի, քրգործի նախաքննությունն ավարտված է, գործը՝ ուղարկված դատարանը։
Իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել այս ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը և կանխել համակարգային խտրականության հիմքեր սերմանող նման նախադեպի ստեղծումը։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
— Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խատումները բարձրաձայնելու համար եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը 2020 թ․ հոկտեմբերի 3-ին հարուցել էր քրեական գործ՝ ազգային թշնամանք հրահրելու հիմքով։
․․․Քրեական գործի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է՝ yezidinews.com լրատվամիջոցի հետ։ Զրույցի ընթացքում նա բարձրաձայնում է Հայաստանում ապրող եզդիների խնդիրների մասին և մտահոգություն հայտնում, որ չնայած ներդրված ջանքերին՝ այնուամենայնիվ որոշ խնդիրներ դեռևս լուծված չեն։
Եզդիերենով այս զրույցը ոչ ճշգրիտ թարգմանության ու բովանդակության խեղաթյուրման արդյունքում դարձել է շահարկումների առիթ․․․ Սա, թերևս, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ տարիներ շարունակ տեղի ունեցող հետապնդումների տրամաբանական շարունակությունն է։ ․․․Նրա նկատմամբ ապօրինի հետապնդումն սկսվել է ավելի վաղ՝ դեռևս 2020-ի ապրիլից, երբ առանց քրեական գործի շրջանակում որևէ կարգավիճակի, Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ վերացական հիմնավորումներով։
․․․Այն, ինչը ԱԱԾ քննիչները որակում են ազգամիջյան թշնամանքի հարուցում, պարզապես իրավապաշտպան գործունեության մի մաս է․ վերհանել խնդիրները, բարձրաձայնել դրանց մասին և ներկայացնել լուծման առաջարկներ, ինչը և արել է Ս․ Սուլթանյանը։ Ընդ որում՝ նրա մատնանշած խնդիրները, խտրականության դրսևորումները բացառապես ներկայացված են ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում և առավել ևս ազգամիջյան թշնամանք հարուցելու դիտավորություն չեն կարող ունենալ։
Ավելին՝ իր գործունեության ողջ ընթացքում նա մշտապես հանդես է եկել հայ և եզդի ժողովուրդների բարեկամության դիրքերից, իր գործունեությամբ նպաստել դրա ամրապնդմանը։
Ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին շատերն են ահազանգում, այդ թվում՝ միջազգային կառույցները, սակայն քրեական գործ հարուցվում է Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։
Մատնանշած խնդիրները մտացածին չեն, այլ հիմնված են հստակ հետազոտությունների, մարդկային պատմությունների վրա, սակայն, չգիտես ինչու, նախաքննությունն իրականացնող քննիչներն առաջնորդվել են այն տեղեկատվությամբ, որը կարող էր ամրապնդել իրենց դիրքորոշումները։ Իսկ հետազոտությունները, տուժած մարդկանց պատմությունները դուրս են մնացել քննիչների տեսադաշտից, դա այն դեպքում, երբ դրանք բոլորը եղել են քննիչների տրամադրության տակ, ներառյալ՝ առգրավված համակարգչում։
Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ը իր հայտարարության մեջ նշում է, թե «վերջինս, տեղեկացված և համոզված լինելով», որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, արել է այդ հայտարարությունները։ Թե որ աղբյուրներն են հիմք ընդունել այս հայտարարությունն անելիս, պարզ չէ։ Ընդհակառակը՝ Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների համատեքստում բազմիցս ահազանգել են միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային մարմինները։
ԱԱԾ քննիչը համացանցում պարզ փնտրում անելով անգամ կարող էր ծանոթանալ այդ նյութերին, բայց դրա փոխարեն նախընտրել է սեփական անհիմն եզրակացություններն անել՝ ամեն գնով արդարացնելով իրենց գործողությունները։ Ավելին՝ հարցաքննության չեն հրավիրվել այն անձինք, որոնց իրավունքների խախտումների մասին ահազանգել է Սաշիկ Սուլթանյանը՝ մասնավոր դեպքերի մասին խոսելիս։
Զրույցի առանձին հատվածներ քրեական գործի նյութերում վերաձևակերպված են այնպես, որ դրանցով հնարավոր լինի հիմնավորել ընտրված մեղադրանքը։ Վկայակոչված հատվածները բովանդակային և տրամաբանական էական խախտումներով են ներկայացված, դիտավորությամբ չափազանցված, բացասական երանգ հաղորդած։
Անզեն աչքով անգամ նկատելի է, որ ԱԱԾ քննիչը Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ դիտավորություն է ունեցել, կատարել է ուղղորդված գործողություններ և կարծես այս զրույցը հարմար առիթ է եղել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու։
ՀՔԱՎ փաստաբանները հուլիսի 26-ի միջնորդությամբ կրկին պահանջել են կարճել այս ակնհայտ շինծու քրեական գործի վարույթը կամ առնվազն հարցաքննել Հայաստանում ապրող այն եզդիներին, որոնք հրապարակայնորեն բարձրաձայնել են խտրականության ենթարկվելու, իրենց իրավունքների խախտումների մասին, ինչպես նաև լիցենզավորված թարգմանչի ներգրավմամբ ունենալ զրույցի պատշաճ թարգմանությունը, որը ճշգրտորեն կփոխանցի զրույցի բովանդակությունը։
Վերահաստատում ենք, որ այս քրեական գործը ուղղորդված է և նպատակ ունի լռեցնելու ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի ձայնը։ ՀՔԱՎ-ը, իր սկզբունքներին հավատարիմ, շարունակելու է նպաստել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պաշտպանությանն ու իրավապաշտպանության ինստիտուտի ձևավորմանը և հետամուտ է լինելու այս ակնհայտ ապօրինի քրեական հետապնդման դադարեցմանը։
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցի
Ի աջակցություն Սաշիկ Սուլթանյանի․
— ․․․ Որպես ՀՀ-ում խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ և հավասարության մշակույթի տարածման ջատագով իրավապաշտպան կազմակերպություն՝ Կոալիցիան խորապես մտահոգված է դեպքերի նման զարգացմամբ և դատապարտում է քրեական հետապնդում իրականացնող մարմնի այս գործելաոճը, որով
ազգամիջյան ատելությունը կանխելու նպատակով ընդունված քրեական օրենսգրքի նորմն օգտագործվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության գործունեությունը խոչընդոտելու համար։
․․․Առկա հիմնախնդիրները տեսնելը և բարձրաձայնելը ոչ թե ատելության հրահրման, այլ դրանց լուծման ուղիներ փնտրելու եւ առավել բարենպաստ սոցիալական միջավայր ստեղծելու մտադրության մասին է վկայում։
Հայաստանում խոսքի, կարծիքի ազատությունը ու իրավապաշտպան գործունեությունը պետք է ապահովված լինի բոլոր քաղաքացիների համար՝ անկախ իրենց էթնիկ պատկանելիությունից, կրոնից կամ այլ հատկանիշից։
ՀՀ-ն վավերացրել է մի շարք միջազգային և տարածաշրջանային փաստաթղթեր, որոնցով պարտավորություններ է ստանձնել միջոցներ ձեռնարկել եզդիների լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման և զարգացման համար․ Սաշիկ Սուլթանյանի և վերջինիս ղեկավարած կազմակերպության գործունեությունը, այդ թվում նաև վերջինիս կողմից բարձրաձայնած մտքերը վերաբերել են վերը նշված միջազգային պայմանագրերով ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարմանը: ՀՀ-ի որպես պետության դեմ ուղղված քննադատությունը՝ վերջինիս ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման շրջանակներում, չի կարող գնահատվել որպես հայ ազգի նկատմամբ թշնամանքի հարուցում։ Այդպիսի քննադատություն հնչեցնելու հնարավորությունը ժողովրդավարական պետության հիմնասյուներից է։ Ավելին, նման քննադատությունը իրավապաշտպան գործունեության հիմնական գործիքակազմն է։
Ազգային փոքրամասնության ներկայացուցչի կողմից քննադատական գործիքակազմի օգտագործման որակումը որպես ազգամիջյան թշնամանքի հարուցում ինքնին կարող է գնահատվել որպես ազգային պատկանելության հիմքով խտրականություն։
Կոալիցիան կոչ է անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը կանխել համակարգային խտրականության հիմքեր սերմանող այսպիսի նախադեպի ստեղծումը։
Արտատպուած՝ epress.am